«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Օրհան Փամուկ. «Ես գոհ եմ իմ գրքերից»

Օրհան Փամուկ. «Ես գոհ եմ իմ գրքերից»
25.11.2012 | 00:14

60-ամյա Օրհան Փամուկը Նոբելյան մրցանակ ստացավ 2006 թվականին: Նա ծնվել է Ստամբուլում, ուսումնասիրել է ճարտարապետություն, հետո լրագրություն: Նրա առաջին` «Ջևդետ բեկը և նրա որդիները» վեպը տպագրվել է 1982 թվականին: 2005 թ. թուրքական կառավարությունը Օրհան Փամուկին դատի է տվել Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների մասին նրա տեսակետների համար, հետո հայցը հետ է վերցվել: Նա ապրում է Ստամբուլում, համեմատական գրականագիտություն է դասավանդում Կոլումբիայի համալսարանում:

-Ո՞ր գիրքն է փոխել Ձեր կյանքը:
-Մեկ գիրք չի եղել: Ամբողջ Դոստոևսկին, Բորխեսը, Տոլստոյը, Մանը, Կալվինոն, Նաբոկովը` այս գրողները փոխել են իմ կյանքը:
-Ե՞րբ հասկացաք, որ գրող եք դառնալու:
-Ես չէի ծրագրում: Երբ 7 տարեկան էի ու մինչև 22 տարեկան դառնալս, ազգականներս կարծում էին, որ նկարիչ կդառնամ: Բայց անսպասելիորեն գլխումս ինչ-որ ճրթաց և սկսեցի վեպ գրել:
-Ինչպե՞ս է անցնում գրողի Ձեր օրը:
-Ցերեկը մինչև 13.00-ն ես չեմ նայում իմ էլեկտրոնային փոստը, թերթեր չեմ կարդում, ինտերնետ չեմ մտնում: Ես արթնանում եմ առավոտյան 7-ին, մրգեր եմ ուտում, թեյ կամ սուրճ եմ խմում և կարդում եմ նախորդ օրը գրածս, որ ստացվել կամ չի ստացվել: Հետո ցնցուղ եմ ընդունում ու մինչև 13.00-ն գրում եմ: Նայում եմ փոստս, կարդում եմ ու նամակներ եմ գրում, 15.00-ից մինչև 20.00 նորից աշխատում եմ գրքի վրա: Հետո շփվում եմ մարդկանց հետ:
-Որտե՞ղ եք ամենից հեշտ աշխատում:
-Իմ տունը աշխատասենյակիս է կցված, փաստորեն իմ տունը հենց իմ աշխատասենյակն է և քնելու համար շատ քիչ տեղ կա: Ես պետք է գրեմ այնտեղ, որտեղից կարող եմ նայել փողոցին ու բնությանը: Երբ ես կողքից եմ նայում իսկական կյանքին, սկսում եմ ամեն ինչ պատկերացնել ռոմանտիկ լույսի տակ:
-Գրքի համար նյութ հավաքելիս ո՞րն է եղել Ձեր ամենաարտառոց արարքը:
-Երբ ավարտեցի «Անմեղության թանգարանը» /2008/, Ստամբուլում իսկական թանգարան բացեցի: Ցուցանմուշները ինքս էի հավաքել:
-Ամենից շատ ու՞մ հետ կցանկանայիք հրավիրվել պաշտոնական ընթրիքի:
-Գարսիա Մարկեսի կամ Բորխեսի, կամ Դոստոևսկու, և, իհարկե, աշխարհի ամենահմայիչ ու խելացի կնոջ հետ:
-Ինչի՞ց եք վախենում:
-Կազմակերպված դաժանությունից և ծրագրված թյուրիմացությունից:
-Ինչի՞ պատճառով չեք քնում գիշերները:
-Ես նման եմ հորս և նրա պես` անսպասելի արթնանում եմ գիշերները: Բայց ինձ դուր է գալիս: Այդ պահերին ես հանկարծ սկսում եմ այլ կերպ ընկալել մարդկանց և իմ կյանքը:
-Ի՞նչ կցանկանայիք փոխել Ձեր կյանքում:
-Ուրախ կլինեի, եթե ինչ-որ մեկը հայտնագործեր հաբեր, որոնց շնորհիվ ես ձերբազատվեի անհամբերությունից, ջղագրգռությունից, տրամադրության փոփոխություններից, զայրույթի անսպասելի բռնկումներից: Բայց եթե այդպես լիներ, ես չէի կարողանա գրել իմ վեպերը և նկարել իմ կտավները:
-Ձեր կարծիքով` ո՞ր գիրքը չեք գրել:
-Ես գոհ եմ իմ գրքերից: Իսկ զղջալ, որ ինչ-որ գիրք չեմ գրել, նույնն է` ափսոսեմ, որ կյանքս այնպես չի ստացվել, ես խոսում եմ ոչ այն լեզվով և ոչ այնպես եմ մտածում:


«The Financial Times»

Դիտվել է՝ 1963

Մեկնաբանություններ